0%

13 մարտ 2023

«Ռենշին» ընկերության «քաղաք քաղաքում» կոնցեպտով համարձակ նախագիծը կմշակի Laguarda.Low հեղինակավոր Ճարտարապետական ստուդիոն

«Ռենշին» ընկերության հրավերով Հայաստան ժամանած հեղինակավոր Laguarda.Low ճարտարապետական ընկերության ղեկավարները քննարկել են նոր, ժամանակակից ժամանցի և նորարարական վայր ստեղծելու ճարտարապետական լուծումները և հանդիպել Հայաստանի ճարտարապետների համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ռենշին» ընկերությունը, համաձայն հայտարարված նոր ռազմավարության` ստեղծել ոչ միայն պարզապես անշարժ գույք, այլ ապրելակերպ, մեկնարկել է նոր, ժամանակակից «քաղաք քաղաքում» կոնցեպտով թաղամասի կառուցումը Երևանում:

Այս կոնցեպտը կյանքի կոչելու շրջանակներում՝ ընկերությունը Հայաստան է հրավիրել հեղինակավոր Laguarda.Low Architects-ին, որը իր նորարարական և ոչ ստանդարտ ճարտարապետական լուծումներով, լավագույնս կմշակի այս համարձակ թաղամասի ճարտարապետական կոնցեպտը:

Ապրելակերպ և միջավայր ստեղծող այս թաղամասը «Ռենշին»-ի պորտֆոլիոյում առաջինը չէ. հաջորդ տարի Տերյան 107 հասցեում շահագործման կհանձվի շքեղ ժամանցի և 5* հյուրանոցային ստանդարտներին համապատասխան հարմարություններ, ծառայություններ առաջարկող առաջին և միակ բնակելի «Արտլայֆ» համալիրը Երևանում։

«Արտլայֆը» մի միջավայրում համախմբում է նորաձևության և մոդեռն միջոցառումներից՝ մինչ փակ անդամակցությամբ ակումբներ, շամպայնի շուրջ հավաքույթներից՝ մինչ յոգա տանիքում, աշխարհի տարբեր խոհանոցները ներկայացնող լավագույն ռեստորաններից՝ մինչ շոփինգ և շատ այլ ատրիբուտներ, որոնք համալիրը դարձնում են կենտրոն՝ արվեստի, ժամանակակից հարմարավետ կենսակերպի հատման կետում։

«Դեռ չբացելով բոլոր փակագծերը՝ միայն ասեմ, որ Արտլայֆը լինելու է առաջին բնակելի համալիրը 5* հյուրանոցային բրենդավորմամբ և որակով: Համալիրը լիարժեք արտահայտում է ժամանակակից մարդու կյանքի ռիթմն ու ոճը, վստահաբար այն Երևանին նոր թրթիռ և զգացմունք կբերի»,- պատմում է «Ռենշին» ընկերության պրոյեկտների կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանը։

Անդրադառնալով Laguarda.Low ճարտարապետական բյուրոյի հետ համագործակցությամբ ստեղծվելիք նախագծին՝ «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովն ասում է.

«Ընկերության ընտրությունը պատահական չէր։ Կարելի է ասել, որ մեր ընկերության և այս ճարտարապետական բյուրոյի մոտեցումները լիարժեք համընկնում են։ Մասշտաբային և կյանքի որակը բարելավող, հարամավետություն ապահովող նախագծերը ինչպես մեր, այնպես էլ Laguarda.Low-ի պորտֆոլիոյում առաջինը չեն։ Եվ մենք հույս ունենք, որ մեր նոր համատեղ նախագիծը կդառնա նոր ձգողականության կենտրոն ոչ միայն ճարտարապետական լուծումների, այլ նաև այն պատճառով, որ բոլոր դետալները մտածված են և հաշվարկված»,- ասում է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

«Ռենշին» ընկերությունում հաճախորդի պահանջմունքների ուսումնասիրությանը առանձնահատուկ տեղ են հատկացնում, և դրանց արդյունքները դառնում են նոր նախագծերի հիմքը։ Հաճախորդի և անընդհատ փոխվող կյանքի ռիթմի շարունակական ուսումնասիրությունը կարևորում են նաև Laguarada.Low ճարտարապետական բյուրոյում։

«Մենք ձգտում և ստեղծում ենք կենսակերպի և միջավայրի ձևավորման նախագծեր։ Տարբեր նյութերի կիրառությունը, լանդշաֆտային դիզայնը, տարբեր ենթակառուցվածնքերի ներառումը և դրանց շուրջ նախագծերի ստեղծումը նոր քաղաքաշինական ու ճարտարապետական նախագծերի ապագան են։ Այս մոտեցման կարևորությունը հատկապես ընդգծվեց համավարակից հետո, իսկ մենք այն կիրառում ենք արդեն 22 տարի»,- պատմում է Էդ Ջենկինսը։

«Մեր նպատակը բոլոր նախագծերում մի այնպիսի բան ստեղծելն է, որը հիմք կդառնա դրա շուրջ նոր զարգացումների համար։ Այս նպատակին հասնելու համար մենք հիմնվում ենք տվյալ վայրում առկա մշակութային, հասարակական, պատմական արժեքների ու ժառանգության վրա։ Քաղաքը, բակը, բակային համալիրը առաջին հերթին այդտեղ առկա հիշողությունն են։ Ու դրա պահպանումը այդ վայրը բացառիկ է դարձնում»,- հավելում է Պաբլո Լագուարդան։

Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ճապոնիայում և այլ երկրներում իրականացրած լայնամասշտաբ նախագծերի մասին հայ ճարտարապետներին ներկայացնելիս՝ Laguarda.Low-ի ղեկավարները խորհուրդ էին տալիս հավակնոտ նախագծեր անել և մասշտաբային մտածել։

«Մենք մեր բոլոր նախագծերը սկսում ենք խոշոր հեռանկարից։ Մենք դա անվանում ենք «հումանիստական մոտեցում»։ Մենք ուզում ենք, որ մեր նախագծերը մարդկանց բավականություն պատճառեն։ Այս առումով մեր և «Ռենշին»-ի մոտեցումները լիովին համընկնում են»,- ասում է Պաբլո Լագուարդան։

Հանդիպման ավարտին տեղի ունեցած քննարկումները հայաստանցի ճարտարապետներին, ինչպես իրենք էին փաստում, մտածելու և նոր ստեղծագործությունների նյութ տվեցին։ Ընդհանրապես, նրանք համաշխարհային նոր տենդենցներին հաղորդակցվելը կարևոր էին համարում և վստահություն հայտնում, որ փորձի փոխանակումը մասնագիտական նոր հորիզոններ բացահայտելուն կմղի։

Իսկ «Ռենշին» ընկերությունը խոստացավ, ավանդույթի համաձայն, առաջիկայում կազմակերպել  մասնագիտական քննարկում, վարպետաց դասեր միջազգային հեղինակավոր ճարտարապետների խմբի հետ, որոնք կրկին Հայաստանում են լինելու՝ ընկերության նոր, հերթական խոշոր ծրագրի մանրամասները քննարկելու համար։

 

 

 

ՎԵՐԵՎ